Սա, ինչպես հայտնի է, տեղի ունեցավ այն բանից հետո, երբ Փարաքարի ավագանու «Ապրելու երկիր» խմբակցությունը, որը 2,5 տարի բոյկոտել է համայնքապետ Դավիթ Մինասյանին եւ ավագանու նիստերը, նախաձեռնեց համայնքի ղեկավարի իմպիչմենթ, որին միացել էր ավագանու անկախ անդամ Էմին Երիցյանը, ինչը վճռորոշ էր եղել քվեարկության համար անհրաժեշտ ձայների առումով։
«Ապրելու երկիրը» հույս ուներ, որ նախորդ ընտրություններում հաղթած, բայց ՔՊ-ի զոռբայությամբ իշխանությունից հեռացված Վալոդյա Գրիգորյանը վերջապես կընտրվի համայնքի ղեկավար։ Հիշեցնենք․ Գրիգորյանը 2021-ի ընտրություններին ամենաշատ ձայներն էր ստացել, բայց ՔՊ-ն եւ «Դավիթ Մինասյան» դաշինքը միավորվեցին ու առաջադրեցին ամենաքիչ ձայն ստացած Դավիթ Մինասյանին՝ գումարելով իրենց ձայները եւ նրան դարձնելով համայնքապետ։ Սակայն իմպիչմենթի փաստաթղթերը ներկայացնելուց մի քանի ժամ անց համայնքապետ Դավիթ Մինասյանը հրաժարական տվեց՝ իր ՖԲ էջում գրելով, որ ավագանու անդամ Էմին Երիցյանը խախտել է քաղաքական պայմանավորվածությունը՝ միանալով Փարաքար համայնքի ղեկավարին անվստահություն հայտնելու գործընթացին:
Այսպես՝ իմպիչմենթի փոխարեն կայացավ նոր ընտրություն։ Մայիսի 31-ին ավագանին նոր համայնքապետ ընտրեց, ու հանկարծ ավագանու անկախ անդամ Էմին Երիցյանը կրկին փոխեց իր կարծիքը՝ ընտրեց ոչ թե «Ապրելու երկրի» թեկնածու Վալոդյա Գրիգորյանին, այլ ՔՊ-ական թեկնածուին։
«Ապրելու երկիր» խմբակցության ղեկավար Վալոդյա Գրիգորյանն իր էջում գրեց. «Փարաքար խոշորացված համայնքում իշխանությունը երկու տարվա ընթացքում կատարեց երկրորդ իշխանազավթումը: Մենք, հավատարիմ մնալով մեր սկզբունքներին եւ խոստումներին, շարունակելու ենք պայքարն անարդարության դեմ եւ անելու ենք հնարավորը, որպեսզի համայնքի բնակիչներն ազատվեն նման ազգակործան կառավարող համակարգից»:
Մենք փորձեցինք խոսել այս մինի ցնցման գլխավոր հերոսի՝ «Հայաստանի համայնքների միություն» ՀԿ նախագահ Եմին Երիցյանի հետ, ում ձայնը որոշիչ էր եղել ընտրության ժամանակ, փորձեցինք նրա աչքերով նայել կատարվածին, հասկանալ, թե ինչու հանկարծ որոշեց փոխել կարծիքը, իրո՞ք իշխանական ճնշումներ են եղել, իրո՞ք փորձել են խնդիրներ ստեղծել նրա եւ նրա կնոջ ղեկավարած ՀԿ-ների համար, ինչպես գրում են ԶԼՄ-ները։
«Ինչ գրում են, մատից ծծած անհեթեթություններ են։ Ես սկզբունքորեն անհեթեթություններին չեմ արձագանքում»,- մեզ ասաց Երիցյանը։
Ուրեմն Դուք բացատրեք Ձեր դիրքորոշումը, միացաք իմպիչմենթին, չէ՞, բայց հետո ընտրեցիք ՔՊ-ի թեկնածուին, ինչո՞ւ։ «Մեկը մյուսի հետ կապ չունի։ Դրանք տարբեր քվեարկություններ էին, ոչ մի անհասկանալի բան, ոչ էլ քաղաքական։ Մի 3 օրից կխոսենք»,- ասաց նա:
Վալոդյա Գրիգորյանը դժվարությամբ պատասխանեց մի քանի հարցի, ասաց, որ 2021 թվականից մինչ օրս ոչ մի փոփոխություն դեպի լավը եւ առհասարակ փոփոխություն Փարաքարում տեղի չի ունեցել։ «Այդ ամենը համայնքի բնակիչներն էլ կարող են ասել, որ չկան փոփոխություններ, որոնք որ գոհացնում են իրենց»։ Բայց կան բնակիչներ, որ նշում են, թե լուսավորություն են քաշել, փոսերն են լցրել։ «Դա նորմալ է, նրանք համայնքի միջոցներով են անում, մենք էլ՝ մեր անձնական ֆինանսներով։ Բնական է, լուսավորությունն ի՞նչ է, որ չանեն»։ Վալոդյա Գրիգորյանը նաեւ վստահեցրեց՝ իր 10 կուսակիցները, որոնք 2021 թվականից մինչ օրս բոյկոտում են ավագանու նիստերը եւ չեն մասնակցել, ունեցել են բազմաթիվ խնդիրներ՝ իրենց քաղաքական դիրքորոշմամբ պայմանավորված։ «Նրանք, նրանց ընտանիքները բավականին տուժել են՝ ե՛ւ իրենց բարեկամները, ե՛ւ իրենք, բոյկոտը ծանր է նստել նրանց վրա։ Սա է իրավիճակը»։
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանին հարցրինք՝ ի վերջո, ի՞նչ կատարվեց, ի՞նչ գնահատական կտա նա չկայացած իշխանափոխությանը։ «Իշխանության գործելաոճն է, այս անգամ՝ ակնհայտ։ Նախաձեռնել էինք իմպիչմենթի գործընթաց, որին միացել էր ավագանու անկախ, այս պահին նախկին անկախ Էմին Երիցյանը։ Ամեն ինչ եղել է բաց, թափանցիկ, Երիցյանի հետ հանդիպել է մեր թիմը, մեր գրասենյակում։ Պարոն Երիցյանը պատրաստակամություն է հայտնել աջակցել Վալոդյա Գրիգորյանին, նաեւ իր պոտենցիալը ծառայեցնել համայնքի զարգացմանը։ Կարելի է ասել՝ նախաձեռնությունը նաեւ Երիցյանինն է եղել, որն ունեցել է մեծ դժգոհություն համայնքի կառավարումից։ Ներկայանալով որպես մտահոգ անձ՝ նա կողմ էր, որ այս տարբերակով խնդիրը լուծվեր, որ Վալոդյա Գրիգորյանի ղեկավարումը կփարատի այն խնդիրները, որ կան համայնքում։ Արդեն պետք է լիներ համայնքի ղեկավարի ընտրություն ավագանիների կողմից, ինչը զուտ արդեն տեխնիկական հարց էր, եւ Գրիգորյանի ընտրությունն Էմին Երիցյանի հավանության տիրույթում էր։ Վերջին պահին` ընտրությունների նախորդ երեկո, Էմին Երիցյանն ինձ եւ Վալոդյա Գրիգորյանին հայտնել է, որ իր հանդեպ կան ճնշումներ, որոնք ինքն ի զորու չէ հաղթահարել, եւ ստիպված է ընտրել ՔՊ-ի թեկնածուին։ Ես առաջին անգամ եմ ասում՝ ես իրեն ասել եմ, որ այս տեղեկությունը ես փոխանցելու եմ իրավապահ մարմիններին։ Նախ՝ իրեն եմ խորհուրդ տվել դիմել իրավապահներին, որովհետեւ տեսականորեն կա երկու տարբերակ. կա՛մ ճնշումների տակ է եղել պարոն Երիցյանը, կա՛մ շահագրգռել են նրան։ Ես նրան ասացի, որ եթե եղել են ճնշումներ, թող հայտնի իրավապահ մարմիններին եւ թող բացահայտի այդ բարձր պաշտոնյաների անունները, որովհետեւ ժողովրդավարության բաստիոնից անընդհատ խոսող իշխանությունը պետք է բացահայտի, թե ինչպես է լինում, որ մարդը հրապարակային աջակցում է մի թեկնածուի ու հանկարծ մի գիշերում կարծիքը փոխում է»,- ասաց Մեսրոպ Առաքելյանը։
Բայց Երիցյանն ասում է, որ իր մասնակցությունն իմպիչմենթին ու ՔՊ ընտրելն իրար հետ կապ չունեն, որ այդտեղ քաղաքական հարց չկա։ «Այս պարագայում նա դեմագոգիայով է զբաղվում, որովհետեւ իմպիչմենթի գործընթացը ենթադրում է համայնքի նոր ղեկավարի ընտրություն, այսինքն՝ իմպիչմենթի նախագծում հստակ նշված է՝ անվստահություն հայտնել համայնքի ղեկավար Դավիթ Մինասյանին եւ համայնքի ղեկավար ընտրել Վալոդյա Գրիգորյանին, որի տակ կա պարոն Երիցյանի ստորագրությունը»,- ասաց Մեսրոպ Առաքելյանը։
«Ապրելու երկիր» կուսակցության իրավական թիմն այս պահին աշխատում է եւ ներկայացնելու է նյութեր իրավապահներին։ Էմին Երիցյանը պետք է բացատրի, թե ինչպես եղավ, որ վերջին պահին ընտրեց ՔՊ-ին, որից դժգոհելով՝ անցել էր «Ապրելու երկրի» կողմը։ Ո՞վ է ճնշումներ իրականացրել Երիցյանի նկատմամբ՝ հարց, որին դժվար թե իրավապահները ցանկանան պատասխանել։ Հիշեցնենք, որ 2021 թվականի ընտրությունից հետո Փարաքարի ավագանու անդրանիկ նիստին, երբ ընտրվում էր համայնքապետ, ներկա են եղել ԱԺ ՔՊ-ական պատգամավորներ Վահագն Ալեքսանյանը եւ Հայկ Սարգսյանը։ Ըստ տարածված տեղեկությունների՝ նրանք ցուցումներ են տվել ավագանու անդամներին։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել